ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վահան Մարտիրոսյանը իր ցավակցությունը հայտնեց դեսպանին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ։ Նա նշեց, որ կատարվածից պետք է ճիշտ հետեւություններ անել՝ նման դեպքերը կանխելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տրանսպորտի եւ կապի ոլորտներում երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությանը։ Նախարարը մասնավորապես շեշտեց ռուսական կազմակերպության հետաքրքրվածությունը մեր երկրում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ։

Դեսպանը, կարեւորելով տրանսպորտի եւ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը երկրի տնտեսության մեջ, նշեց, որ այն ոչ միայն նպաստում է բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ծավալների մեծացմանը, այլեւ զբոսաշրջության ոլորտի առաջընթացին:

Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Իվան Վոլինկինին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթեց նրան իր հետագա գործունեության մեջ: