Deutsche Post փոստային կոնցեռնը հավաքել է իր հաճախորդների տվյալները եւ քաղաքական կուսակցություններին առաջարկել է գնել դրանք 2017 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու համար, հաղորդում է Bild-ը։
Թերթի տվյալներով, վաճառքն իրականացվել է կոնցեռնի «դուստր» ընկերության՝ Deutsche Post Direkt-ի միջոցով։ 2017 թվականին հաճախորդների մասին տեղեկության մի մասը նրանց քաղաքական նախընտրությունների վերլուծության համար ձեռք են բերել Անգելա Մերկելի Քրիստոնե-դեմոկրատական միությունը եւ Ազատ ժողովրդավարական կուսակցությունը։ Երկու քաղաքական ուժերն էլ հաստատել են այդ հանգամանքը, իսկ Deutsche Post-ում ընդգծել են, որ մասնավորապես տրամադրել են հասցեները՝ հավատարիմ մնալով գործող օրենսդրությանը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Cambridge Analytica-ն հասանելիություն էր ստացել սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը:
Անցած շաբաթ Facebook-ն արգելափակել է սոցցանցում Cambridge Analytica բրիտանական վերլուծական ծառայությանը, որը նախընտրական ռազմավարություններ է մշակում, այդ թվում՝ մշակել է նաեւ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար:




























