Ուրախալի է, որ Արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ԵՄ երկրների վիզա ստանալու դիմումների տրամադրման գործունեությունը հակասում է մեր ազգային օրենքներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ մտավախություն հայտնելով, որ այդպիսով ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները՝ իրենց բոլոր մանրամասնություններով կհայտնվի թուրքերի ձեռքում:

Նրա խոսքով, այդուհանդերձ, փաստացի այդ գործընթացն սկսվել եւ փաստաթղթերով երեւում է, որ արդեն իրենք սկսել են վիզաների տրամադրումը:

«Իրոք, փաստորեն, ՀՀ քաղաքացիների ամբողջ անձնական տվյալներ, վիզա տրամադրելու ժամանակ պահանջվում է եւ ներկայացվում է: Բացի դրանից երեւում են մեր կապերը արտաքին աշխարհի, տարբեր երկրների հետ՝ այդ թվում պրոֆեսիոնալ, գիտական, մշակութային: Վերցնել մեր ազգի ակտիվ մասի վերաբերյալ այդ բոլոր տվյալները նվիրել Թուրքիային բացարձակապես չի կարելի: Շատ զարմանալի է, որ Գերմանիայի դեսպանատունը այդ քայլն արել է, որովհետեւ նրանք քաջ տեղյակ են պատմությանը: Վերջերս նաեւ իրենք ճանաչեցին Ցեղասպանության փաստը»,-ասաց Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ իրենք միանում են Արդարադատության նախարարության հայտարարությանը, նաեւ դիմում են իշխանություններին՝ պահանջելով կասեցնել այս գործընթացը, չընդունելով որեւէ բացատրություն:

«Մեր փորձը ցույց է տալիս, որ եթե ակտիվ հիմնավորված եւ օբյեկտիվ նյութեր ես տրամադրում միջազգային հանրությանը, ապա դրական արդյունքը լինում է: Մենք այդպիսի փորձ ունեցանք, երբ ՄԱԿ-ում որոշում ընդունվեց, որ եվրոպական կառույցները հերթով պետք է տեղափոխվեն Ստամբուլ: Դուրս էր գալիս, որ Հայաստանը պետք է աշխարհի հետ աշխատեր Թուրքիայի միջոցով: Դա մեր կարծիքով ամենալուրջ քայլն էր, որ Թուրքիան ձեռնարկել էր Ցեղսպանության 100-ամյակի նախորդող տարիներին: Մենք նամակ ուղարկեցինք  ՄԱԿ-ի ղեկավարությանը: Ի վերջո, որոշում կայացվեց, որ Հայաստանը չի աշխատի ՄԱԿ-ի գլխավոր կառույցների հետ Թուրքիայի միջոցով, անմիջապես կաշխատի Նյու Յորքի հետ:

Մեր երկրորդ փորձը Փոլադ Բյուլբյուլօղլու հետ պատերազմն էր, երբ իմացանք, որ նա հավակնում է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար: Մենք նորից նամակ պատրաստեցինք, ներառեցինք այդ պարոնի բոլոր հայտարարությունները եւ հարց բարձրացրինք, թե որքանո՞վ է նա համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պահանջներին: Այդ նամակը ազդեցություն ունեցավ: Այս դեպքում էլ նամակ կպատրաստենք, որտեղ կներկայացնենք բոլոր ռիսկերն ու վտանգները: Կդիմենք եւ Գերմանիայի դեսպանատուն, եւ մեր իշխանություններին, որպեսզի կաասեցվի այդ գործընթացը: Մեր իշխանությունները մեծ հնարավորություն ունեն կասեցնելու գործընթացը: Միգուցե նաեւ երկրի նախագահին դիմենք, որովհետեւ երկիրը կարող է որոշել, թե իր քաղաքացիները ինչ ճանապարհով պետք է ԵՄ երկրների վիզա ստանան»,-ընդգծեց Կարինե Դանիելյանը՝ հավելելով. «Ինչքան ես տեսնում եմ, Գերմանիան դառնում է Թուրքիո Գերմանիա. քանակը որակ է տալիս: Ի վերջո թուրքերի թիվը Գերմանիայում աճում է եւ ազդեցությունը հսկայական է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 3-ից Երեւանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից, որը թուրքական կազմակերպություն է:

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլեր նշել էր, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը միայն զբաղվելու է վիզաների դիմումների ընդունմամբ, իսկ դիմումների վերաբերյալ որոշումներն այսուհետ կայացվելու են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցների կողմից։

Նշենք, որ Հայաստանի արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը։

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել էր ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: