Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի բակում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

Հրաձգարանի բացման պատիվը վերապահվել է հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրել են կապիտան Արմենակ Ուրֆանյանի անցած մարտական ուղին ու ապրիլյան քառօրյայում նրա սխրագործությունը:

Հրաձգարանի բացմամբ դպրոցականները հնարավորություն կստանան այստեղ անցկացնել ռազմագիտության դասաժամերի որոշ մասը: Հրաձգարանը բաց կլինի նաեւ նրանց համար, ովքեր ցանկություն կունենան այստեղ կատարելագործելու կրակային պատրաստության իրենց գիտելիքները:

Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը 2016-ի ապրիլյան պատերազմում հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: