Երեկ՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:40-ի սահմաններում թիվ 16 պոլիկլինիկայից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երեխա:
Shamhsyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւանի բնակիչ, 14-ամյա Էդգար Շ.-ն է, ով սովորում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանում:
Երեխայի մայրը՝ 43-ամյա Արմինե Ն.-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, դպրոցում դասընկեր, հասակակից Նարեկ Դ.-ն ածելիով դիտավորությամբ վնասել է իր տղայի ձեռքը:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:



























