Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ընտանեկան հանցագործությունների բացահայտման թվի աճի միտում է գրանցվել: Այս մասին ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Քննչական կոմիտեի իրավական ապահովման ն եւ վիճակագրության բաժնի պետ Դավիթ Թումասյանը:
Նրա խոսքով՝ եթե 2016 թվականին 359 դեպք էր եղել, ապա 2017 թվականին՝ 458 դեպք: 2016 թվականին դրանցից երեխաների նկատմամբ 200 հանցագործություն էր կատարվել, 2017 թվականին՝ 265 հանցագործություն: Սեռական բռնությունը կազմում է դեպքերի մեծ մասը: Թումասյանը նշեց, որ երեխաները բռնության ենթարկվում են ոչ միայն տանը, այլեւ՝ բակում, դպրոցում:
Ավելին, ընտանեկան բռնության դեպքում, չնայած գոյություն ունեցող կլիշներին, միշտ չէ, որ խոսքը տղամարդու՝ կնոջը վիրավորելու մասին է: Հաճախ կինն է հանդես գալիս վիրավորողի դերում, ընդ որում՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ երեխաների նկատմամբ:
Ավելի մանրամասն վիճակագրական տվյալներ ներկայացնելով՝ Թումասյանը հայտնեց, որ մոր կողմից երեխաների նկատմամբ բռնության 5 դեպք է գրանցվել, 17 դեպք՝ հոր կողմից՝ երեխայի նկատմամբ, 1 դեպք՝ խորթ մոր կողմից՝ երեխայի նկատմամբ, 2 դեպք՝ խորթ հոր կողմից՝ երեխայի նկատմամբ, 6 դեպք՝ եղբայրների ու քույրերի կողմից, 2 դեպք՝ տատիկների եւ պապիկների, 35 դեպք՝ երեխաների կողմից՝ ծնողների նկատմամբ, 13 դեպք՝ կանանց կողմից՝ ամուսինների նկատմամբ, 167 դեպք՝ ամուսինների կողմից՝ կանանց նկատմամբ բռնության, 6 դեպք՝ թոռների կողմից՝ տատիկերի ու պապիկների նկատմամբ: Թումասյանի խոսքով՝ բոլոր դեպքերում խոսքը ՔՕ-ով նախատեսված հանցագործությունների մասին է:
«Աճը չի նշանակում, որ աճել է հանցագործությունների թիվը: Խոսքը բացահայտման ու գրանցման դեպքերի թվի աճի մասին է: Մի շարք դեպքերում քաղաքացիները դիմում են մի քանի տարի առաջ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ», - ասաց Թումասյանը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ կրճատվել է ծանր հանցագործությունների թիվը. 2016 թվականին սպանությաան 10 դեպք էր գրանցվել, 2017 թվականին՝ 8 դեպք: Ընդ որում, ավելացել են թեթեւ մարմնական վնասվածքների հասցման դեպքերը. 2016 թվականին՝ 19 դեպք, 2017-ին՝ 40, 2016-ին` ծեծի 222 դեպք, 2017-ին՝ 285 դեպք: Սա, ըստ Թումասյանի, խոսում է այն մասին, որ քաղաքացիները սկսել են դիմել բռնության ավելի վաղ փուլերում:




























