Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները ապրիլի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Հովհաննես Գ.-ին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ այս տարվա փետրվար-մարտի ընթացքում Էջմիածնի բնակիչ 35-ամյա Կարեն Վ.-ն յուրացրել է իրեն վստահված 2 արկղ ընդհանուր թվով 24 հատ 1 լիտր տարողությամբ ձեթը, իսկ հետո Հովհաննես Գ.-ի միջոցով 30 հազար դրամով վաճառել Էջմիածին քաղաքում գործող հացի արտադրամասի սեփականատեր  36-ամյա Արմեն Մ.-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արմեն Մ-ն հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հայտնել է, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը և միաժամանակ ներկայացրել է վերը նշված ձեթի տարաներից թվով 1 շիշ՝ դատարկ վիճակում։

Վաղարշապատի ոստիկաններն ու ռազմական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ Կարեն Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պարենային պահեստի պետ։