Բաքվում ձերբակալվել է փոքրիկ աղջիկներին կողոպտող տղամարդը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը, մարտի վերջին ոստիկանական բաժանմունք բողոքով երեք կին էր դիմել, որոնք հայտնել են, որ անհայտ տղամարդը հարձակումներ է գործում փոքրիկ աղջիկների վրա՝ գողանալով նրանց ոսկյա ականջօղերը: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ հաջողվել է ձերբակալել նախկինում դատված Իֆթահիր Ազիզովին:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 1-ին ձերբակալվածը փակել է 9-ամյա աղջկա ճանապարհը, հանել է նրա ականջներից 300 մանաթ արժողությամբ ականջօղերը եւ փախչել: Իր ցուցմունքներում Ազիզովը հայտնել է, որ վաճառել է ոսկյա զարդերը: