Ապրիլի 4-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Աչաջուր գյուղի մի բնակչուհի եւ հայտնել, որ ամուսինը՝ 47-ամյա Էդիկ Դարբինյանը, ապրիլի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, գնացել է անտառ սունկ հավաքելու եւ չի վերադարձել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 13.30-ին, «Սեւքարի» անտառտնտեսության «Տխլուտ թալա» կոչվող տարածքում հայտնաբերվել է Է.Դարբինյանի դիակը՝ առանց բռնության հետքերի եւ արտաքին վնասվածքների:

Ըստ դատաբժշկի նախնական հայտարարության՝ մահը վրա է հասել սրտի կաթվածից:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: