ԱՄՆ-ում գտել են 50 տարի առաջ կորած կնոջ աճյունը: ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվել է, որ Սաութոլդի (Լոնգ Այլենդ) տներից մեկի տակ հայտնաբերված աճյունը պատկանում է Լուիզա Պետրեւիչին, որն անհայտ կորել էր 38 տարեկանում՝ 1966 թվականին, հայտնում է USA.one-ը:
«Ինձ դա պարզապես թեւաթափ արեց, ես չդիմացա եւ արտասվեցի,- խոստովանել է նրա դուստրը՝ Սենդի Բլեմփիդը, որն ընդամենը 11 տարեկան էր, երբ մայրը կորել է: - Ես մինչեւ հիմա չեմ կարողանում դրան հավատալ»:
Տունը, որի նկուղում հայտնաբերել են Լուիզայի աճյունը, ժամանակին պատկանել է նրա նախկին ընկերոջը՝ Ուիլյամ Բոքենին, որն, ի դեպ, որոշ ժամանակ այդ քաղաքում ոստիկան է աշխատել: Բոքենը գործով անցնող գլխավոր կասկածյալն էր, սակայն այդ ժամանակ ոստիկաններին չէր հաջողվել հաստատել նրա մասնակցությունը Լուիզա Պետրեւիչի անհետացմանը:
Ավելի ուշ Բոքենն ամուսնացել է եւ դարձել 2 երեխաների հայր, սակայն ընտանեկան կյանքը նրա մոտ չի ստացվել: Մի անգամ տղամարդուն նույնիսկ կալանավորել են կնոջը ծեծելու համար: Ամուսնալուծվելուց հետո կինը եւ երեխաները նրա հետ ոչ մի շփում չեն ունեցել: Ուիլյամ Բոքենը մահացել է Քուինսում 1982 թվականին, եւ քանի որ մարմինը վերցնելու համար հարազատներից ոչ մեկը չի եկել, թաղվել է Հարթ կղզու ընդհանուր գերեզմանոցում:
2013 թվականին տան նկուղը խուզարկել են, սակայն անարդյունք: 2018-ի մարտին ոստիկանությունը որոշել է եւս մեկ խուզարկություն անցկացնել՝ հատուկ տեղորոշիչի օգտագործմամբ: Խորը գետնի տակ էլ հայտնաբերվել է Լուիզայի աճյունը, պարկի կտորի մեջ փաթաթված:
Մահվան պատճառը դեռեւս չի հաստատվել, այսքան տարի անցնելուց հետո դա գործնականում անհնար է, սակայն դատաբժշկական փորձաքննությունը շարունակվում է:




























