«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությայն անդամ, «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ խնդիր չի լինի, եթե Ազատության հրապարակում ապրիլի 13-ին միաժամանակ հանրահավաք անի նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Նշենք, որ ապրիլի 13-ին Ազատության հրապարակը «ամրագրել» են մի քանի ուժեր Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրի դեմ: Հանուն Հայաստան պետության ճակատը, «Մերժիր Սերժին» եւ «Քաղաքացիական խայմանագիրը» համատեղ հավաք անելուն դեմ չեն: Միայն Զարուհի Փոստանջյանն է, որ այդ երեք ուժին միավորվելու որոշում չունի, բայց պնդում է, որ միաժամանակ հավաք անելիս՝ մեկը մյուսին չի խանգարի:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը մարտի 31-ից մեկնարկել է Լոռու մարզից, այն ավարտվելու է ապրիլի 13-ին Ազատության հրապարակում:
«Ինչ որ կերպ տեղի կունենա հավաքը, չեմ կարծում, որ դա կարող է խնդիր ստեղծել», ասել է Լենա Նազարյանը:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի շենքը շրջափակելով վարչապետի ընտրությունը տապալելու սցենարին, Նազարյանը վերստին պնդել է, որ եթե մարդկանց բազմություն հավաքվի եւ տարբեր ուղղություններով շարժվի դեպի Ազգային ժողով, միայն ֆիզիկական ներկայությամբ արդեն կաթվածահար կլինի երթեւեկությունը, ինչի հետեւանքով անհնարին կդառնա պատգամավորների խորհրդարան հասնելը: «Այս ամենը հնարավոր է իրականացնել, եթե շատ մարդ համաձայնի եւ քայլ անի: Հաջողության գրավականը քայլ անելն է, գործելը»,-ասել է Լենա Նազարյանը:




























