Ադրբեջանի հետ ԵՄ համաձայնագիրը, մեր ունեցած տեղեկություններով, կոչվելու է համապարփակ, առանց երկրորդ բաղադրիչի՝ ընդլայնվածի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի քաղաքական կողմը շատ է տարբերվելու Հայաստանի հետ համաձայնագրից. «Ադրբեջանի հետ ամրագրել բոլոր այն բարեփոխումները ժողովրդավարության հետ կապված, ԵՄ-ին չի հաջողվի: Տնտեսական եւ ոլորտային երկխոսությունը եւս լինելու է սահմանափակ: Այսինքն իրենք էլ են ունենալու նոր շրջանակային համաձայնագիր, բայց բովանդակությունը լինելու է բավականին տարբեր եւ տնտեսական, եւ քաղաքական առումներով»,-հայտարարեց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ այսօր Եվրախորհրդարանում կա շրջանառվող երկու բանաձեւ, մեկը  Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման համաձայնության տալն է, մյուսը Ադրբեջանի. «Երկու նախագծերում էլ կա բանաձեւ, որ արժեհամակարգային խնդիրները, մարդու իրավունքների հետ կապված խնդիրները կարող են դառնալ խոչընդոտ այդ համաձայնագրի վավերացման համար Եվրոպական խորհրդարանում: Մենք կարող ենք դա օգտագործել: Բայց մենք լավ գիտենք, որ ռեալ պոլիտիկը եւ արժեհամակարգային հայտարարությունները երբեմն չեն խաչվում, զուգահեռ հարթություններում են լինում»:

Աշոտյանն ընդգծեց, որ Հայաստանն աշխատում է, որ ստանա երաշխիքներ, որ ԼՂ խնդրի հետ կապված այն ձեւակերպումները, որ ամրագրված է Հայաստանի հետ համաձայնագրում, այդ ձեւակերպումները տեղ գտնեն նաեւ Ադրբեջանի հետ համաձայնագրում: