Բնակելի շենքում կարաոկե կամ սթրիփ ակումբ ունեցող անձանց արգելելով զբաղվել նման գործունեությամբ, մենք ըստ էության խլում ենք մարդկանց բիզնեսը՝ առանց փոխհատուցելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, այո, պետությունը պետք է պաշտպանի քաղաքացիների անդորրը, բայց միաժամանակ չի կարելի ոտնահարել այլ մարդկանց իրավունքները եւ եթե ստիպում ենք նրանց փակել իրենց բիզնեսը, պետք է պետությունը փոխհատուցում տա:
Նշենք, որ հիշյալ օրինագծով որոշակի գործունեության տեսակների համար սահմանափակումներ են նախատեսվում: Կարգավորման եւ սահմանափակման ենթակա օբյեկտները հետեւյալն են՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ (սթրիփ ակումբ-խմաբ), բաղնիք, շոգեբաղնիք, սաունա:
«Քաղաքացիների անդորրը պետք է երաշխավորված լինի եւ պետությունը պետք է հոգա, որ այդ իրավունք ապահովված լինի, սակայն որոշակի մտահոգություններ կան այստեղ: Երբ մարդուն ստիպում ես փակել իր բիզնեսը, դրանով սահմանափակում ես նրա իրավունքները: Մարդուն կարելի է սեփականությունից զրկել միայն համարժեք հատուցման դիմաց: Սա սահմանադրական իրավունք է, կոնվենցիոն իրավունք է: Մարդը ներդրում է արել, սպասելիքներ ունի, որ ամսական ասենք 1 մլն դրամի եկամուտ է ստանալու»,-ասաց նա:
Օրինագիծը ներկայացնող Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախագահ Տիգրան Խաչատրյանը համաձայնեց, որ այս օրենքն, իսկապես, սեփականության իրավունքի որոշակի սահմանափակում է գործող բիզնեսների նկատմամբ, սակայն նա չհամաձայնեց, որ դա հակասահմանադրական է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով նախատեսում է սահմանափակել գործունեության որոշ տեսակներ: Կարգավորման եւ սահմանափակման ենթակա օբյեկտները հետեւյալն են՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ (սթրիփ ակումբ-խմաբ), բաղնիք, շոգեբաղնիք, սաունա:
Ըստ կառավարության կողմից առաջարկվող օրինագծի, այդպիսի օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բնակելի շենքերի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
Բացի այդ, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը, իսկ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները կսահմանի համայնքի ավագանին:
Սթրիփ ակումբների դեպքում տուգանքները կլինեն 300-500 հազար դրամի սահմաններում, իսկ կրկնվելու դեպքում՝ 1-1,3 մլն դրամի սահմաններում:
Ինչ վերաբերում է լռության պահանջին, ապա դա խախտելու դեպքում տուգանքները կխստացվի՝ նախատեսելով առաջին անգամ 2000-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ մեկ մլն դրամ տուգանք:
Օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն 1 տարի հետ, որպեսզի արդեն գործող օբյեկտները տեղափոխվեն օրենքով ընդունելի վայրեր:



























