Պատմաբանները տասնամյակներ շարունակ վիճում են Քրիստափոր Կոլումբոսի ժառանգության շուրջ։ Ոմանք նրան համարում են մեծ ծովագնաց, ով եվրոպացիների համար բացահայտեց Նոր աշխարհը, իսկ մյուսները՝ նվաճող, որը սկիզբ դրեց Ամերիկայի բնիկ ժողովուրդների ստրկացմանն ու լայնածավալ էկոլոգիական փոփոխություններին։ Սակայն Կոլումբոսի սեփական գրառումները հնարավորություն են տալիս տեսնելու նրա գործունեության ևս մեկ կարևոր կողմը. հենց սկզբից նա իր ճանապարհորդությունները կապում էր քրիստոնեության տարածման հետ, գրում է The Conversation-ը։

Ինչպես նշում է պատմաբանը, որն ուսումնասիրում է եվրոպացիների, Ամերիկայի բնիկ ժողովուրդների և աֆրիկացիների առաջին շփումները Հյուսիսային Ամերիկայում, կրոնական շարժառիթները անբաժանելի էին գաղութացման եվրոպական ծրագրերից։ Քրիստոնեական հավատը տարածելու ձգտումը զուգորդվում էր հարստություն, փառք և նոր տարածքներ որոնելու հետ։

Կոլումբոսի ճանապարհորդությունից շատ առաջ եվրոպական պետություններն արդեն ձգտում էին ընդլայնել տարածքներն ու տարածել իրենց հավատը։ Մի քանի դարերի ընթացքում խաչակիրները ուղևորվում էին Մերձավոր Արևելք, իսկ Պիրենեյան թերակղզում քրիստոնյա տիրակալները վարում էին դարավոր Ռեկոնկիստան։ Այն ավարտվեց 1492 թվականին՝ Գրանադայի գրավմամբ, որը Իսպանիայում վերջին խոշոր մահմեդական տիրապետությունն էր։ Նույն տարում երկրից վտարվեցին նաև հրեաները։

Այդ ժամանակ Պորտուգալիան արդեն ստեղծել էր գաղութային տիրույթներ Ատլանտյան օվկիանոսի կղզիներում, ներառյալ Ազորյան կղզիներն ու Մադեյրան։ Պորտուգալացիները նաև գրավել էին Կանարյան կղզիները, ստրկացնում էին տեղի բնակիչներին և նրանց աշխատացնում պլանտացիաներում։ Ավելի ուշ իսպանացիներն ընդլայնեցին ստրկացված աֆրիկացիների օգտագործումը, ներառյալ՝ շաքարի արտադրության համար։

Կոլումբոսը ձգտում էր գտնել ավելի կարճ ծովային ճանապարհ դեպի Հարավարևելյան Ասիայի կղզիներ, որտեղից Եվրոպա էին հասնում համեմունքները։ Նա հույս ուներ հասնել Ասիա՝ շարժվելով դեպի արևմուտք Ատլանտյան օվկիանոսով։ Կաստիլիայի թագուհի Իզաբելլան և Արագոնի թագավոր Ֆերդինանդն աջակցեցին նրա նախագծին և միջոցներ հատկացրին երեք նավից բաղկացած արշավախմբի պատրաստման համար։

33 օր նավարկելուց հետո Կոլումբոսը հասավ Բահամյան արշիպելագի կղզիներին։ Կարծելով, թե Ասիայում է, նա հանդիպած բնակիչներին անվանեց «հնդիկներ»՝ մի անվանում, որը պահպանվել է՝ չնայած նրա սխալին։

Առաջին ճանապարհորդության ընթացքում Կոլումբոսը մի քանի կղզի հայտարարեց իր տիրապետության ներքո գտնվող տարածքներ և նոր անուններ տվեց դրանց։ Առաջինը Սան Սալվադորն էր՝ «Սուրբ Փրկիչ»։ Մյուս անվանումների թվում էին Սանտա Մարիա դե լա Կոնսեպսիոնը, այսինքն՝ «Սուրբ Մարիամ Անարատ Հղիության», և Նավիդադը՝ «Սուրբ Ծնունդ»։

Միևնույն ժամանակ խոսքը միայն աշխարհագրական անվանումների մասին չէր։ Կոլումբոսը գրում էր, որ բռնի կերպով գերեվարել էր մի քանի տեղաբնակների՝ մտադրվելով նրանց իսպաներեն սովորեցնել, որպեսզի նրանք կարողանան եվրոպացիներին տեղեկություններ հաղորդել իրենց անհայտ հողերի մասին։

Վերադառնալով Իսպանիա՝ ծովագնացը թագավորական հովանավորներին ուղղված նամակում նկարագրեց իր հայտնագործությունները։ Նա պնդում էր, որ ամբողջ քրիստոնեական աշխարհը պետք է ուրախանա իր ձեռքբերումներով, քանի որ դրանք բազմաթիվ ժողովուրդների հնարավորություն կտան ընդունելու կաթոլիկ հավատը։ Երկրորդ ճանապարհորդության ընթացքում Կոլումբոսը վանական Ռամոն Պանեին ուղարկեց ապրելու Էսպանյոլայի բնակիչների շրջանում, որպեսզի նա ուսումնասիրի նրանց հավատալիքներն ու գտնի տեղի բնակչությանը քրիստոնեության բերելու ուղիներ։

Շուտով իսպանական արքունիք հասան տեղեկություններ բնիկ բնակիչների հարկադիր աշխատանքի մասին։ 1500 թվականին Կոլումբոսին շղթաներով վերադարձրին Իսպանիա։ Նրան մեղադրանքներ առաջադրվեցին գաղութները վատ կառավարելու և իսպանական թագի հպատակներին ստրկացնելու համար։

Ձգտելով վերադարձնել իր հովանավորների, հատկապես թագուհի Իզաբելլայի, բարեհաճությունը՝ Կոլումբոսը ավելի ու ավելի հաճախ էր դիմում պատմությանն ու աստվածաբանությանը։ Նա ուսումնասիրում էր Աստվածաշունչը և քրիստոնյա մտածողների աշխատությունները, ներառյալ Ավգուստինոս Երանելու և XV դարի ֆրանսիացի կարդինալ Պիեռ դ'Այիի երկերը։

Իր խոկումները Կոլումբոսը գրի էր առնում այսպես կոչված «Մարգարեությունների գրքում»։ Դրանում նա իր գործունեությունը ներկայացնում էր որպես աստվածային նախախնամության մաս։ Ծովագնացն իր փորձությունները համեմատում էր աստվածաշնչյան մարգարեների ճակատագրի հետ և գրում էր, որ, ինչպես Եսայի մարգարեն, կոչված է տարածելու կաթոլիկ հավատը բոլոր ժողովուրդների մեջ։

Կոլումբոսը նաև հղում էր անում հռոմեացի գրող Սենեկային, որը, նրա մեկնաբանությամբ, վերջին ժամանակներում կանխատեսել էր հսկայական անհայտ երկրի ի հայտ գալը և «նոր ծովագնացի» գալուստը, որը կբացի նոր աշխարհը։ Կոլումբոսը աշխարհագրական հայտնագործությունները վերաիմաստավորում էր որպես կրոնական առաքելություն՝ փորձելով Կարիբյան ավազանի աշխարհագրությունը համադրել աստվածաշնչյան տեքստերի հետ և նույնիսկ այնտեղ փնտրելով Սուրբ Գրքում հիշատակվող Սիոն լեռը։

Այսպիսով, Կոլումբոսն իր ճանապարհորդությունները ներկայացնում էր ոչ պարզապես որպես աշխարհագրական որոնումների արդյունք։ Նա կարծում էր, որ Աստծո օգնությամբ իրեն վիճակված էր բացահայտել անհայտ հողեր, իսկ իր հովանավորները պետք է դրանում տեսնեին հին մարգարեությունների կատարումը։

Ժամանակի ընթացքում Կոլումբոսի հեղինակությունն ավելի ու ավելի էր կապվում նրա ճանապարհորդությունների հետևանքների հետ՝ ստրկության տարածման, բնիկ ժողովուրդների նկատմամբ բռնության և շրջակա միջավայրի ավերման։ Սակայն նրա սեփական գրառումները ցույց են տալիս, թե որքան սերտ էին նրա պատկերացումներում կապված նվաճումը, գաղութացումը և տեղի բնակչության քրիստոնեացման գաղափարը։

Այս գաղափարը շարունակվեց Կոլումբոսի մահից հետո էլ։ Հետագա դարերում Իբերիայի կաթոլիկ տիրակալները, անգլիացի անգլիկաններն ու պուրիտանները, ինչպես նաև ֆրանսիացի հուգենոտները տարբեր կերպ զարգացրին այն պատկերացումը, որ ամերիկյան մայրցամաքը պետք է դառնա քրիստոնեական աշխարհի մաս։