Ֆրանսիան չորեքշաբթի կանչել է Իրանի դեսպանին՝ իրանական պաշտոնական հաշիվների հրապարակումների պատճառով, որոնք Փարիզը գնահատել է որպես ապատեղեկատվական արշավ՝ ֆրանսիացի դպրոցականների բողոքների վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավրը, հաղորդում է Reuters-ը։
Ըստ Կոնֆավրի՝ իրանցի դեսպանին մատնանշվել է Իրանի ԱԳՆ պաշտոնական հաշիվների կողմից տարածվող կեղծ տեղեկության «բացարձակապես անընդունելի» բնույթը։ Ֆրանսիական կողմը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ին Թեհրանում Ֆրանսիայի դեսպանին կանչելն անհիմն էր։
«Այս անարժան սադրանքները պետք է դադարեն»,- հայտարարել է Կոնֆավրը։
Ավելի վաղ Իրանը Թեհրանում կանչել էր Ֆրանսիայի դեսպանին՝ ֆրանսիական իշխանություններին մեղադրելով դպրոցականների շարունակվող բողոքների մասնակիցների նկատմամբ «դաժան վերաբերմունքի» և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ։



























