Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (Regional Science Academy) համագործակցության շրջանակում:
Գիտաժողովը անցկացվում է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի նկատմամբ միջազգային ուշադրության աճի պայմաններում:
Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ՝ նորարարական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, ակադեմիական քննարկումներ ծավալելու և փորձ փոխանակելու համար։ Գիտաժողովը նաև նպատակ ունի խթանելու համագործակցությունը աշխարհի տարբեր գիտակրթական հաստատությունների հետազոտողների, պրակտիկ մասնագետների և քաղաքականություն մշակողների միջև։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն ընդգծեց, որ նման միջազգային գիտական նախաձեռնությունները համահունչ են համալսարանի՝ հետազոտական ուղղությունն ամրապնդելու տեսլականին։ «Գիտությունը և միջազգային ակադեմիական համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես մեր զարգացման օրակարգի առանցքային բաղադրիչներ։ Մեր տեսլականն է ամրապնդել Երևանի պետական համալսարանը՝ որպես հետազոտական համալսարան, որտեղ բարձրորակ կրթությունն ու առաջատար հետազոտությունները փոխադարձաբար լրացնում են միմյանց, իսկ համալսարանում ստեղծված գիտելիքը նպաստում է գիտելիքահենք տնտեսությանն ու հասարակությանը»,- ասաց նա։
Անդրադառնալով գիտաժողովի նշանակությանն ու ձևաչափին՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն ընդգծեց, որ 2024 թվականից ֆակուլտետի նպատակն է Երևանը դարձնել գիտնականների և մասնագետների պարբերական հանդիպման հարթակ։ «Մեր նպատակը պարզապես ամենամյա գիտաժողով կազմակերպելը չէ։ Մենք ձգտում ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ձևավորելու միջազգային գիտական համագործակցության հարթակ, որտեղ տարբեր երկրների և գիտակարգերի ներկայացուցիչները կարող են փոխանակել գիտելիք և փորձ, նախաձեռնել նոր հետազոտություններ ու համատեղ նախագծեր»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը կարևորեց այն փաստը, որ «կանաչ» անցման և ինստիտուցիոնալ որակի հարցերն այլևս միայն տեսական քննարկումների առարկա չեն։ «Տասնհինգ կամ քսան տարի առաջ, երբ խոսում էինք «կանաչ» անցման, ինստիտուցիոնալ որակի և նման հարցերի մասին, դրանք հաճախ դիտարկվում էին որպես տեսական խնդիրներ։ Այսօր մենք հստակ տեսնում ենք դրանց շոշափելի ազդեցությունը ֆինանսական կայունության, բանկային համակարգի, ապահովագրական ոլորտի և երկրի ընդհանուր տնտեսական դիրքի վրա»,- մատնանշեց նա։
Ելույթներով հանդես եկան նաև Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը, «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Կարեն Զաքարյանը և ԱՄՆ Քորնելի համալսարանի դոցենտ Ջոն Քարութերսը:
Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 60 գիտնականներ և հետազոտողներ աշխարհի ավելի քան 24 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Մարոկկոյից, Թայվանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից։
Գիտաժողովի ընթացքում անցանց և առցանց ձևաչափով ներկայացվում են զեկուցումներ թեմատիկ հինգ բաժանմունքներում: Գիտաժողովի ծրագրում ընդգրկված են մոտ 150 հայ և արտասահմանցի գիտնականների ու հետազոտողների զեկուցումներ։ Նրանք ներկայացնում են 50 համալսարան և հետազոտական կենտրոն։ Գիտաժողովը համախմբում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, ՀՀ այլ բուհերի և գիտահետազոտական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև պետական կառավարման, ֆինանսական և բանկային ոլորտների ու հետազոտական կազմակերպությունների մասնագետների։ Զեկուցումներով հանդես կգան նաև ՀՀ կենտրոնական բանկի և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները։
Գլխավոր խոսնակների թվում են Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը (2008, ԱՄՆ), Նիդեռլանդների բաց համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը (2018), Նիդեռլանդների համալսարանների ասոցիացիայի նախագահ և Գրոնինգենի համալսարանի հանրային կառավարման պրոֆեսոր Կասպար վան դեն Բերգը, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) գործադիր տնօրեն Կարիմա Կուրտիտը (Նիդեռլանդներ): Բանախոսների թվում են Նեյլ Ռեյդը (ԱՄՆ), Աբդուլ Շաբանը (Հնդկաստան), Ամիտ Բատաբյալը (ԱՄՆ), Ֆելիքս Արիոնը (Ռումինիա), Ֆրանչեսկա Տորիերի (Իտալիա) և ոլորտում հայտնի այլ մասնագետներ:
Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը։
Նշենք, որ միջոցառման կազմակերպմանը մեծապես աջակցելու համար շնորհակալագրեր ստացան գիտաժողովի հովանավոր «Էվոկաբանկ» ԲԲԸ-ն և գործընկեր կառույցները՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն, Վիեննայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանը (BOKU), Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալությունը (OeAD), «APPEAR» բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագիրը։




























