ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ բանավեճեր են կայացել: Միջոցառումն անցկացվել է Universal Periodic Review շրջանակներում:

«Վերջին անգամ նման քննարկումներ տեղի են ունեցել 2013 թվականին, եւ այդ ժամանակ պաշտոնական Բաքվին կոնկրետ հանձնարարականներ էին տրվել մարդու իրավունքների ոլորտում: Իսկ այժմ գնահատվում էր, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները կատարում դրանք եւ ինչպիսին է ներկայիս իրավիճակը»,- Turan-ին հայտնել է քննարկման մասնակիցներից մեկը՝ քաղաքացիական ակտիվիստ Նաջմին Քյամիլը:

«Այս միջոցառմանը քաղաքացիական հասարակության մասնակցության նպատակն իրավիճակին գնահատակ տալն է եւ իրական իրավիճակի մասին միջազգային հանրության իրազեկումը»,- նշել է Քյամիլը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ելույթների թեմաներն էին նախընտրական իրավիճակը, լրատվամիջոցների ազատությունը, մարդու իրավունքները, հավաքների ազատությունը, խղճի ազատությունը, կոռուպցիան, բնապահպանական խնդիրները եւ այլն: