Հայաստանի խորհրդարանը 60 կողմ, 31 դեմ ձայներով ընդունեց «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս նախագծով փաստորեն, խորհրդարանական լսումներից հետո արձանագրությունն այլեւս չի տեղադրվելու ԱԺ կայքում: Բացի այդ, լրագրողների իրավունքների սահմանափակում կա: «Մենք պայմանավորվել էինք, որ այս դրույթները հետ բերվեն: Եթե հետ չեն բերվում, ուրեմն սա ռեգրես է: Սա պետաիրավական հանձնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության խախտում է եւ դա իր հետեւանքը կունենա հաջորդ նիստին»,-ասաց նա:
Իր հերթին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք եւս նախագիծը համարվում է հետընթաց, ուստի դեմ են քվեարկելու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ այս օրինագծի Խորհրդարանական լսումները պետք է հրավիրվեն ԱԺ նախագահի համաձայնությունից հետո, ոչ թե միայն նրան իրազեկելով:
Ըստ այդմ, խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին հանձնաժողովի և խմբակցությունների որոշումն ուղարկվում է ԱԺ նախագահին: Ըստ առաջարկվող տարբերակի խորհրդարանական լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին: Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:
Մեկ այլ կետով առաջարկվում է, որ լսումներ հրավիրող Ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը կարող է նախապատրաստել իր հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահին իրազեկելով:
«Ազգային ժողովի նախագահը պետք է համաձայն լինի լսումներ կազմակերպել, այլ ոչ թե իրազեկված: Մենք որևէ նպատակ չենք ունեցել ԱԺ նախագահի լիազորությունները մեծացնել կամ կրճատել, այլ կանոնակարգել և հստակեցնել»,-ասել էր նախագծի հեղինակներից Կարինե Աճեմյանը:
Խորհրդարանական լսումները պետք է հրավիրվեն ԱԺ նախագահի համաձայնությունից հետո. Նոր օրինագիծ




























