Խորհրդարանական լսումները պետք է հրավիրվեն ԱԺ նախագահի համաձայնությունից հետո, ոչ թե միայն նրան իրազեկելով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով, խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին հանձնաժողովի և խմբակցությունների որոշումն ուղարկվում է ԱԺ նախագահին: Բացի այդ, խորհրդարանական լսումներ հրավիրողների ցանկից բացակայում է ԱԺ նախագահի անունը, հիմա առաջարկվում է այդ ցանկում ներառել ԱԺ նախագահին:
Աճեմյանը նշեց, որ ըստ առաջարկվող տարբերակի խորհրդարանական լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին: Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:
Մեկ այլ կետով առաջարկվում է, որ լսումներ հրավիրող Ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը կարող է նախապատրաստել իր հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահին իրազեկելով:
«Ազգային ժողովի նախագահը պետք է համաձայն լինի լսումներ կազմակերպել, այլ ոչ թե իրազեկված: Մենք որևէ նպատակ չենք ունեցել ԱԺ նախագահի լիազորությունները մեծացնել կամ կրճատել, այլ կանոնակարգել և հստակեցնել»,-ասաց Կարինե Աճեմյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն առաջարկեց, որ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը ԱԺ կայքում տեղադրելու համար ժամկետ սահմանել:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ նախագահության անունից առաջարկեց, որ լսումներ հրավիրողների ցանկում ավելացնել նաեւ ԱԺ փոխնախագահներին:
Իսկ ՀՀԿ խմբակցությունից Կորյուն նահապետյանն էլ առաջարկեց այս կարգավորումները անել «ԱԺ կանոնակարգ օրենքում», ոչ թե ԱԺ որոշման մեջ:



























