Ազդանշանների երկարաձիգ ձայնի ներքո իսրայելացիները Հոլոքոստի զոհերի հիշատակին խոնարհել են իրենց գլուխները՝ անուն առ անուն հիշելով  եվրոպական հրեաների  ցեղասպանության վեց միլիոն զոհերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վաղուց հաստատված արարողության համաձայն՝ օդային տագնապի ազդանշանը առավոտյան փողոցներում կանգեցրել է մեքենաներին եւ հետիոտնին, ընդհատել դպրոցներում, ձեռնարկություններում եւ բանակի բազաներում առօրյա կյանքի ընթացքը:

Երուսաղեմի երկնքում ավանդույթի համաձայն վեց ջահ է վառվել, որոնք խորհրդանշում են հոլոքոստի 6 միլիոն զոհերին: Կրակը վառել են Հոլոքոստը վերապրած 6 մարդ:

 «Բռնապետությանը դիմադրելու Արեւմտյան տերությունների անպատրաստությունը, վաղաժամ փուլում ագրեսիային զսպելու համար չվճարելու նրանց ցանկությունը, հանգեցրեց այն փաստին, որ մարդկությունը շատ ավելի բարձր գին վճարեց 60 միլիոն կյանքերով, որոնք խլեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այդ թվում` մեր ժողովրդի վեց միլիոն զավակներին»,- հիշեցրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Այն պահից, երբ մենք անկախ պետություն ունեցանք, Իսրայելը նման սխալ չի անում ... Մեր քաղաքականությունը կարճ այսպես կարելի է  ձեւակերպել՝  ագրեսիա՝ ի պատասխան ագրեսիայի: Հարձակումը որպես պաշտպանություն, հարձակումը որպես կանխում, հարձակումն ի պատասխան նրանց հարվածների, ովքեր սպառնում են մեզ ոչնչացնել»,-ասել է նա:

Վարչապետը դիմել է Իրանին, որը հրեական պետությունում ընկալվում է որպես ազգային անվտանգության հիմնական սպառնալիք.« Մի փորձեք Իսրայելի վճռականությունը»: