Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
«2017 թվականի ապրիլ ամսից մեկնարկեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ամփոփված տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին պետական սուբսիդավորման միջոցով, մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա», - նշել է Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի փորձը եւ արդյունավետությունը, վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին 15-օրյա ժամկետում մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր՝ ներառելով անասնաբուծությունում, բուսաբուծությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում եւ ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։



























