Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը եւ Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովն առաջին անգամ քննարկել են նախկին հարավսլավական հանրապետության նոր անվանման մասին համաձայնագրի հնարավոր ժամկետները։ Այս մասին հայտարարել է Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աթենքն ու Սկոպյեն մտադիր են  մոտակա ամիսների ընթացքում լուծել «Մակեդոնիա» անվան շուրջ վեճը, որը խանգարում է նախկին հարավսլավական հանրապետությանը անդամակցել ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ Նշենք, որ պաշտոնական Աթենքը պնդում է, որ նախկին հարավսլավական այդ հանրապետությունը պետք է փոխի սեփական անվանումը, որպեսզի շփոթություն չառաջանա Հունաստանի պատմական մարզի` Մակեդոնիայի հետ, որն այս պահին առանձին վարչական միավորի ձեւով ընդգրկված է Հունաստանի կազմում: 

Նախարար Կոտզիասը չորեքշաբթի երեկոյան ժամանել էր Մակեդոնիայի Օխրիդ քաղաք, որտեղ փակ հանդիպում է ունեցել Դիմիտրովի հետ։

«Մենք քննարկել են վեճի շուրջ բոլոր հարցերն ու տարաձայնությունները։ Այս հարցերի մի մասի շուրջ առաջընթաց կա, մյուս հատվածի շուրջ դեռ տարաձայնություններ կան»,-նշել է Մակեդոնիայի նախարարը։

ԱԳ ղեկավարները հայտնել են, որ նախարարությունների աշխատանքային խումբն աշխատել է համաձայնագրի տեքստի վրա։ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախատեսված է մայիսի 3-4-ը Սալոնիկում։