Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել  Չինաստան-ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) «Մետաքսի ճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովը, որին մասնակցել է  նաեւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:

ՀՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովը հնարավորություն է ընձեռում Չինաստանի եւ գործընկեր երկրների բարձր մակարդակի քաղաքականության մշակողներին` քննարկելու  «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման քաղաքականության շրջանակների վերաբերյալ իրենց տեսլականը:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես այն ոլորտներին, որտեղ ԱՄՀ-ն համագործակցում է քաղաքականության խորհրդատվություն եւ կարողությունների զարգացման աջակցություն տրամադրող  միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը: