Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մարտին Չինաստան կատարած իր այցի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է դիվանագիտական գործընթացը սկսելու պատրաստակամության մասին, եթե ԱՄՆ-ն նրան ԿԺԴՀ-ում քաղաքական ռեժիմի պահպանման երաշխիքներ տրամադրի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Tokyo Shimbun:
Ինչպես հայտնի էր դարձել լրագրողներին, իր չին գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զինաթափման ճանապարհային քարտեզ պատրաստել, «եթե ԱՄՆ-ն արձագանքի անկեղծ կերպով», հաղորդում է Newsru- ն:
Ընդ որում, ըստ Հյուսիսային Կորեայի առաջնորդի, դա կարող է տեղի ունենալ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձնական հանդիպումից հետո:
Կիմ Չեն Ընը նաեւ նշել է, որ այս ծրագրի իրականացման համար Վաշինգտոնը պետք է ԿԺԴՀ-ում քաղաքական համակարգի պահպանման երաշխիքներ տրամադրի: Նա մանրամասնել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականությունից, Փհենյանի համար միջուկային զենքի անհրաժեշտություն չի լինի:




























