Մեծ Բրիտանիան եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանը վերջին տասը տարիների ընթացքում արտադրել եւ կուտակել է «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութը: Այս մասին ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Twitter-ում հայտնել է Բրիտանիայի դեսպանատունը:

«Նոր տեղեկությունը հաստատում է, որ. 1) Ռուսաստանը վերջին տասը տարիների ընթացքում արտադրել եւ կուտակել է «Նովիչոկը»  2) սպանության նպատակով հետազոտել է նյարդակաթվածային նյութի կիրառման հնարավորությունները 3) ռուսական հատուկ ծառայություններն առնվազն 2013-ից հետաքրքրվել են Սկրիպալների ընտանիքով», — նշվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Հենց այս նյութով են, ըստ Լոնդոնի, մարտի 4-ին թունավորվել ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան: Ապրիլի 12-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել էր, որ Լոնդոնի եզրակացությունները քիմիական նյութի տեսակի վերաբերյալ հաստատվել են: Բացի այդ, ՔԶԱԿ-ի  տեսուչները եկել են այն եզրակացության, որ Սոլսբերիում օգտագործված նյութը բարձր մաքրություն է ունեցել եւ չի պարունակել որեւէ խառնուրդ: