Րոպեներ առաջ Երեւանի Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող ՍԱՍ սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը՝ առանց պատճառաբանումների, Արմեն Բարխուդարյանը գտնվում է Էրեբունու ոստիկանական բաժանմունքում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

«Ժառանգությունը» դատապարտում է ցանկացած անօրինականություն, բռնություն եւ կոչ է անում ազատ արձակել , բոլոր բերման ենթարկվածներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով բերման ենթարկվածների թիվը 29 է:

Նրենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:

Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարները փակում են Երեւանի կենտրոնական փողոցները: