Երեւանում այսօր՝ ապրիլի 18-ին, բերման ենթարկված ցուցարարների մեջ 2 անչափահաս կա: Այս մասին ոստիկանության Կենտրոնականի բաժնից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Մեր թղթակցի հաղորդմամբ, ոստիկանության այս բաժնի մոտ հավաքված են մեծ թվով քաղաքացիներ, որոնք սպասում են, թե երբ իրենց ընկերներին եւ հարազատներին ազատ կարձակեն:

«Փորձեցինք ինֆորմացիա իմանալ ոստիկաններից, թե երբ ազատ կարձակեն, որովհետեւ 3 ժամից ավելի է անցել, բայց մեզ ասացին՝ մի ժամ սպասեք, ազատ կարձակվեն: Ոստիկաններն անհարգալից վերաբերմունք են դրսեւորում, երբ իրենց առհասարակ հարց ենք տալիս»,- պատմել է քաղաքացիներից մեկը:

Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, ժամը 12:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 68 քաղաքացի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: