Ոստիկանությունն այս պահին մեծ թվով ուժեր է կենտրոնացնում Երեւանի կենտրոնում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մասնավորապես ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում: Մեր թղթակցի հարցին՝ ինչու են այդքան մեծ թվով ուժեր կենտրոնացնում, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատասխանել՝ հորդորելով միայն թույլ տալ իրենց աշխատել:
Մեր թղթակցի փոխանցմամբ, ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին դուրս գալ դեպի փողոցի բանուկ հատված:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:
- Նիկոլ Փաշինյանը դիմեց Սերժ Սարգսյանին (ուղիղ, ֆոտոռեպորտաժ)
- «Շրջափակում ենք Բաղրամյան 26-ը». Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան. Ոստիկանները շղթա կազմեցին (ուղիղ, Ֆոտո)
- ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Հայաստանի վերջին զարգացումներին
- Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը. Human Rights Watch