Եղվարդ-Երեւան թիվ 269 երթուղու միկրոավտոբուսներն արդեն 5-րդ օրն է, չեն աշխատում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Եղվարդի բնակիչները:
«Երեխուս հացի փողն են խլում, այլեւս հնարավոր չէ նման կերպ գնալ-գալ, օրը 500 դրամ ավելի եմ վճարում տաքսիով Եղվարդ հասնելու համար»,-ասաց բնակիչներից մեկը:
Խմբագրություն զանգահարած մեկ այլ Եղվարդի բնակիչ էլ բողոքեց, որ այլեւս անհնար է տաքսիներով գնալ-գալ աշխատանքի, նույնիսկ աշխատավարձն այլեւս չի բավականացնում:
«Ես ինչքա՞ն պետք է տաքսիով գնամ աշխատանքի: Ես այդքան փող չեմ ստանում, որ ամեն օր տաքսիով գնամ, տաքսիով գամ: Եթե կառավարությունը դեմ է ցույցերին, գործադուլներին, ինչո՞ւ թույլ չի տալիս, որ մենք գնանք աշխատանքի ու աշխատենք»,- ասաց նա:
Մեր տեղեկություններով՝ Եղվարդ-Երեւան երթուղին սպասարկում է նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը:
Նշենք, որ այս օրերին չեն աշխատում նաեւ Աբովյան-Երեւան եւ Նոր Հաճն երթուղիները:
ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ տեղյակ են երթուղիների չաշխատելու մասին, սակայն չգիտեն, թե ինչու չեն սպասարկվում այդ երթուղիները:
«Պատճառների մասին չենք կարող հայտնել, սակայն փոխանցել ենք այդ երթուղիները սպասարկող ընկերություններին՝ ինչքան հնարավոր է շուտ վերականգնել նորմալ ուղեւորափոխադրումները»,- ասացին նախարարությունից:




























