Վերջին օրերին ՀՀ մայրաքաղաք Երեւանում եւ այլ բնակավայրերում բողոքի ցույցերի եւ ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային եւ ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումները կարող են հանգեցնել արտակարգ դեպքերի, պատահարների:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է քաղաքացիներին` պահպանել զգոնությունը ավտոճանապարհներին եւ մարդաշատ վայրերում: Կոչ ենք անում ցույցերի եւ երթերի ընթացքում ցուցաբերել զսպվածություն, հաշվի առնելով, որ մարդկանց մեծաթիվ կուտակումների, խուճապի կամ անկանոն տեղաշարժի հետեւանքով առաջացող հրմշտոցը կարող է հանգեցնել մարմնական, այդ թվում նաեւ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների ստացմանը: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները եւ տարեցները:

Ցույցերի եւ երթերի ընթացքում վտանգավոր է նաեւ տարատեսակ հրագործական արտադրատեսակների  (ճայթռուկներ, հրավառություններ, ծխագլանակներ, ջահեր եւ այլն) կիրառումը, ուստի հորդորում ենք քաղաքացիներին` խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոններն ու ցուցաբերել առավելագույն զգուշավորություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը, արտակարգ դեպքի ռիսկի կանխումը մարդկային կյանքերի փրկության եւ առողջության պահպանման գրավականն է: Պատրաստ լինելով ցանկացած պահի արձագանքելու արտակարգ դեպքերին, պատահարներին՝ ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է քաղաքացիներին` չխոչընդոտել հրշեջ-փրկարարական մեքենաների ազատ տեղաշարժին:

Մարդածին եւ բնական աղետների ռիսկի նվազեցման եւ մարդու կյանքի եւ առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները համամարդկային են եւ արդիական ցանկացած քաղաքական իրավիճակում: