Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունվարի 18-ին այցելել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերություն եւ մասնակցել ընկերության ջրի մաքրման նոր կայանի բացմանը: Այն արտադրության ընթացքում օգտագործված ամբողջ ջուրը մաքրում է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխան այնպես, որ շրջակա միջավայր վերադարձվող ջուրը լիովին պիտանի է բուսական եւ կենդանական կյանքի համար:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը շրջել է նորաբաց կայանում, ինչպես նաեւ ծանոթացել է ընկերության արտադրական հնարավորություններին: Տիգրան Սարգսյանին է ներկայացվել ըմպելիքների պատրաստման գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանում ընկերության 15-ամյա գործունեության արդյունքները:
Այցի ավարտին, պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, վարչապետը նշել է, որ Ընկերությունը ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր եւ մեր երկրի խոշորագույն հարկատուներից մեկն է. «Մեր այցելության նպատակն է ուսումնասիրել այն փորձը, որ «Կոկա-Կոլան» ունի ջրերի մաքրման հարցում, քանի որ դա ու միջազգային ստանդարտները, որ նրանք կիրառում են պետք է տարածենք նաեւ այլ ձեռնարկությունների վրա, որպեսզի էկոլոգիական միջազգային ստանդարտների կիրառվեն Հայաստանի Հանրապետության այլ ձեռնարկություններում»:





























