ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության արդյունքները ամփոփվել են թվով 18 հաշվետվություններում, որոնցից 2-ը վերաբերում են ԵՏՄ երկրների հետ իրականացված համատեղ ստուգումներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս նշեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Նրա խոսքով, արձանագրված նյութերից երեքում Վերահսկիչ պալատի խորհուրդը ունեցել է քրեաիրավական բնույթի կասկածներ, որոնք ուղարկել է գլխավոր դատախազություն: Դրանք են՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ԴԱՀԿ ծառայության եւ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման գյուղնախարարության ծրագրի մասով արձանագրությունները:
«Օրերս «Սեւանի ազգային պարկ»-ում իրականացված ստուգումների վերաբերյալ հաշվետվության հիման վրա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի փաստերով դատախազությունը հարուցել է քրեական գործ: Ներկա պահին գլխավոր դատախազությունում մյուս գործերով ուսումնասիրությունները շարունակվում են եւ մենք ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքներից զերծ կմնանք տեղեկություններ հայտնելուց»,-ասաց Յոլյանը:
Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ վերահսկողության արդյունքներով արվել է շուրջ 240 եզրակացություն եւ շուրջ 180 առաջարկ. «Եզրակացություններն ու առաջարկները բովանդակային առումով տարբեր են: Պալատն ունի հստակ համոզմունք, որ արդյունավետ է այն հաշվեքննությունը, որը բերում է դրական փոփոխություններ: Ի վերջո, կարեւորը միայն այն չէ, թե պետության կարիքների համար ձեռք բերված ապրանքը կամ ծառայությունը գնվել է թանկ, թե էժան, կարծում եմ պակաս կարեւոր չեն ծրագրերի արդյունավետության եւ նպատակայնության հարցերը: Այդ առումով, ի տարբերություն նախորդ տարիների, պալատը հատուկ ուշադրություն է դարձրել ծրագրերի էֆեկտիվությանը: Մենք տվել ենք ծրագրերի գնահատականը եւ արել ենք կոնկրետ առաջարկություններ»,-հայտարարեց Լեւոն Յոլյանը:
Նա որպես ծրագրերի անարդյունավետ կիրառման օրինակ բերեց գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցը. «Կառավարությունը 2015-17թթ ընթացքում թվով 8 մարզերում ստեղծել է 113 գյուղատնտեսական կոոպերատիվներ, գնել է 406 միավոր գյուղտեխնիկա: Ստուգմամբ արձանագրվել է, որ գյուղնախարարությունը գյուղտեխնիկայի ուսումնասիրություն, մոնիտորինգ չի իրականացրել, քիչ չեն դեպքերը, երբ տրակտորները չեն շահագործում գյուղգործիքների բացակայության պատճառով: Շատ դեպքերում կոոպերատիվները կրում են ձեւական բնույթ: Փաստորեն գնված տեխնիկան չի ծառայում իր նպատակին: Սա վկայում է, որ կան ծրագրեր, որ կա իրավիճակը բարելավելու անհրաժեշտություն»,-ասաց նա:




























