Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին ցանկանում է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով քաղաքից դուրս բերել ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) բոլոր գործակալներին այն բանից հետո, երբ նրանք սկսել են գնդակոծել մեքենան, որտեղ գտնվում էր հնգամյա երեխա։

«Նախնական տվյալներով՝ գործակալները շրջապատել են տղամարդուն և 5-ամյա երեխային մեքենայում, ինչից հետո մի քանի կրակոց են արձակել», - մանրամասնել է Մամդանին X սոցիալական ցանցում։

Քաղաքապետը հստակեցրել է, որ երեխան չի տուժել։ Սակայն, նրա կարծիքով, նման իրավիճակն անթույլատրելի է։

«Ես զանգահարել եմ նախագահին, երբ մենք խոսենք, ես կպահանջեմ, որ նա դադարեցնի ICE իրավապահ բոլոր գործողությունները մեր քաղաքում։ Ես մի կողմ չեմ քաշվի, քանի դեռ ICE գործակալներն ահաբեկում են մեր համայնքները», - ընդգծել է նա։

Ավելի վաղ քաղաքային ոստիկանությունը և տեղի լրատվամիջոցները հայտնել էին, որ ICE գործակալները Նյու Յորքում հրազենային վնասվածք են հասցրել մի տղամարդու։ Ներկայում նա գտնվում է հիվանդանոցում։

Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է իրականացնել անօրինական միգրացիայի վերահսկողության խստացման քաղաքականություն։ ICE-ը Սահմանային ծառայության աջակցությամբ իրականացրել է մի շարք խոշոր շուրջկալներ։ Մինեսոթա նահանգի Մինեապոլիս քաղաքում հունվարի սկզբին ICE շուրջկալներն ուղեկցվել են բողոքի ակցիաներով։