Dow Jones Industrial Average ինդեքսը հինգշաբթի աճուրդներն ավարտել է ոչ մեծ աճով, S&P 500-ը և Nasdaq Composite-ը նվազել են։

Շուկան բացվել է մինուսով՝ նավթի գների բարձրացման և ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունների աճի ֆոնին։ Սակայն նավթային գնանշումները նվազել են և կորցրել աճի մի մասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Միացյալ Նահանգները չի հարձակվի Իրանի վրա մինչև նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունները։

Երկարաժամկետ US Treasuries-ի եկամտաբերությունները նվազել են 30-ամյա պարտատոմսերի տեղաբաշխման հաջող աճուրդից հետո, որը ցույց է տվել ներդրողների բարձր պահանջարկը։

Հինգշաբթի հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տվել ԱՄՆ-ում գործազրկության նպաստի նոր հայտերի թվի աննշան նվազում։ Նախորդ շաբաթ գործազրկության նպաստ ստանալու համար դիմած ամերիկացիների թիվը կրճատվել է 2 հազարով՝ հասնելով 197 հազարի, հայտնել է ԱՄՆ աշխատանքի նախարարությունը։

Հինգշաբթի Dow Jones-ի բաղադրիչների մեջ աճի առաջատարներն են եղել Home Depot Inc. (+3,4 տոկոս), Chevron Corp. (+3,1 տոկոս), International Business Machines Corp. (+2,8 տոկոս), Travelers Cos. Inc. (+2,7 տոկոս) ընկերությունների բաժնետոմսերը։

Նվազման առաջատարն են եղել Nvidia Corp.-ի արժեթղթերը (-2,9 տոկոս)։ Այլ չիպ արտադրողների բաժնետոմսերի գնանշումները նույնպես նվազել են Bloomberg-ի այն տեղեկատվության ֆոնին, թե արհեստական բանականության OpenAI ընկերության հասույթը ցածր է, քան վերջերս այլ լրատվամիջոցներով հրապարակված գնահատականները։ Գործակալության աղբյուրները հայտնել են, որ OpenAI-ի հասույթը տարեկան կտրվածքով՝ ընկերության ընթացիկ եկամուտների հիման վրա, կազմում է մոտ 50 մլրդ, այլ ոչ թե 70 մլրդ դոլար, ինչպես գրել էին մի շարք լրատվամիջոցներ։

Այս ֆոնին Oracle Corp.-ի արժեթղթերն էժանացել են 5,5, Advanced Micro Devices Inc.-ինը՝ 3,9, Intel Corp.-ինը՝ 5,3, Marvell Technology Inc.-ինը՝ 3,5 տոկոսով։

PepsiCo Inc.-ի շուկայական արժեքը աճել է 3,7 տոկոսով՝ ընկերության ուժեղ հաշվետվության ֆոնին։ Աշխարհի խոշորագույն զովացուցիչ ըմպելիքներ արտադրողներից մեկը 2026 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է 17,1 տոկոսով, հասույթը՝ 5,6 տոկոսով։ PepsiCo-ի ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի կանխատեսումները։

Chipotle Mexican Grill-ի կապիտալացումն աճել է 6, տոկոս-ով Financial Times թերթի հաղորդման ֆոնին, ըստ որի՝ Starbucks Corp.-ը ուսումնասիրել է մեքսիկական խոհանոցի ռեստորանների ցանցի օպերատորի գնման հնարավորությունը, որի կապիտալացումը կազմում է գրեթե 39 մլրդ դոլար։

Starbucks-ի բաժնետոմսերը էժանացել են 0,4 տոկոսով։

Levi Strauss & Co.-ի արժեթղթերը էժանացել են 2,4 տոկոսով։ Ջինսե հագուստ արտադրողը երրորդ ֆինանսական եռամսյակում հասույթն ավելացրել է 4 տոկոսով, սակայն այն շուկայի կանխատեսումներից թույլ է եղել։

Dow Jones Industrial Average ինդեքսը հինգշաբթի շուկայի փակման տվյալներով աճել է 0,1 տոկոսով՝ հասնելով 51 231,64 կետի։

Standard & Poor's 500-ի արժեքը նվազել է 0,47 տոկոսով՝ մինչև 7 765,36 կետ։

Nasdaq Composite ինդեքսը նվազել է 1,25 տոկոսով՝ կազմելով 27 193,34 կետ։