Մոտ մեկ տարի առաջ Արիզոնայի բնակչուհին համացանցում ծանոթացել է Փերադայզ Վելիից մի տղամարդու հետ եւ նրա հետ մեկ անգամ ժամադրվել է, փոխանցում է USA.one-ը:
Դրանից հետո նա դարձել է կնոջ ոտնձգության օբյեկտը: 31-ամյա Ժաքլին Ադեսը չկայացած բոյֆրենդին օրական 500 հաղորդագրություն է ուղարկել, մինչեւ դրանց թիվը հասել է 65 հազարի: Համառությունը սիրահարված կնոջը չի օգնել հասնել փոխադարձ սիրո, եւ նա այդ ժամանակ անցել է սպառնալիքների. կինը խոստացել է իր սիրեցյալին սպանել, եթե իրեն լքի: Սա նույնպես անարդյունք է եղել, եւ այդ ժամանակ հաղորդագրությունները խելահեղ են դարձել: «Ես ցանկանում եմ իմ վրա կրել քո մարմնի մասերը, լողանալ քո արյան մեջ»,- գրել է Ժաքլինը:
Հիվանդ կրքի օբյեկտը 3 անգամ ոստիկանություն է դիմել: Մի անգամ կինը մտել է նրա լոգասենյակ: (Անկոչ հյուրին գրանցել են տեսախցիկները): Ապրիլի 8-ին պոկ չեկող երկրպագուհուն վերջապես կալանավորել են հետապնդելու համար: Ըստ երեւույթին, ճիշտ ժամանակին՝ ոստիկանները նրա մեքենայի մեջ միս կտրատելու դանակ են գտել:




























