Կառավարության շենքի դիմաց զինկոմիսարիատների օպտիմալացման հետեւանքով աշխատանքը կորցրած անձինք այսօր՝ մայիսի 16-ին, բողոքի ակցիա են իրականացնում: Նշենք, որ որոշ մարզային զինկոմիսարիատներ փակվել են եւ մի քանի զինկոմիսարիատների փոխարեն մնացել է մեկը:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ցուցարարները նշում են, որ իրենց խոստացել են ապահովել աշխատանքով, սակայն խոստումը չեն կատարել:

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ւնդունել է ակցիայի մասնակիցներին, լսել նրանց բողոքը եւ խորհուրդ տվել գնալ պաշտպանության նախարարություն՝ հավաստիացնելով, որ նրանց կընդունեն: Ցուցարարները սկզբում չէին ցանկանում հեռանալ՝ ասելով, որ ուզում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ավելի ուշ համաձայնեցին եւ ուղեւորվեցին դեպի պաշտպանության նախարարություն:

Նշենք, որ կառավարության որոշմամբ 44 զինկոմիսարիատներից մնացել է 14-ը: