Թերթի հետ զրույցում Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն անդրադարձել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպմանը:

«Իր այս այցի ժամանակ պարոն Համարբերգը հայտնել է, թե մտահոգ է, որ մարտիմեկյան իրադարձություններին մասնակցելու համար դեռ որոշ մարդիկ ազատազրկված են: Միաժամանակ նաեւ հավելել է, որ դեռ ծանոթ չէ այդ անձանց վերաբերող քրեական գործերին: Սա նշանակում է, որ տարբեր լսարանների համար եվրոպական գործիչները տարբեր շեշտադրումներ են անում` կախված նպատակից»,- նշել է Նիկոյանը եւ հավելել. «Մինչդեռ այսպիսի դրսեւորումները նաեւ որոշակի լարվածություն են առաջացնում կամ դրա պատճառն են դառնում: Հավաստիացնում եմ, որ մեր բոլոր ներքին խնդիրները մենք ենք լուծելու, եւ դրա համար բավարար քաղաքական կամք կա: Ո՛չ Համարբերգը, ո՛չ էլ Պրեսկոտն ու Կոլումբիեն այս խնդիրները լուծել չեն կարող»:

Ըստ Նիկոյանի` միամտություն է կարծել, թե Եվրախորհրդի կամ որեւէ այլ միջազգային կառույցի ճնշումները կարող են արդյունք տալ, եթե չկա այդ խնդիրները լուծելու իշխանությունների բարի կամքը: «Պարզամիտները միայն կարող են պնդել, թե Համարբերգի ճնշումներից հետո է համաներում հայտարարվել կամ մարտիմեկյան բախումների ժամանակ օրինախախտում կատարելու համար դատապարտված որեւէ մեկը վաղաժամ ազատ արձակվել»,- ասել է ԱԺ փոխնախագահը: