Մեր ժողովուրդը թեւակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանելու է պարզունակ աղետի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նա նշել է, թե ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին ԱԺ շենքում բազմաթիվ հարցեր ուղղվեցին, ուղղվեցին՝ հնարավորություն տալու վարչապետի թեկնածուին ի լուր աշխարհի շտկելու նախկինում արված վիճահարույց եւ հախուռն դատողությունները, որոնց չսրբագրումը կարող էր անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետականության եւ երկրի հետագա ընթացքի համար։ «Մեծ թվով քաղաքական աղմկարարներ շտապեցին մեղադրել այդ հարցերի հեղինակներին։ Չնայած մերօրա «դուխով» ժամանակներում անգամ թեթեւամտությունն է երբեմն քաջագործության պատրանք ստեղծում»,- ասել է Ֆարմանյանը։
Նրա խոսքով, նվազագույն սրբագրումները կատարվեցին, սակայն փոփոխված խոսքն ու սրբագրումները հետեւողական ամրապնդման կարիք ունեն։ «Քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ամենափոքր քայլը եւս քայլ է։
Կադրային նշանակումները եւս քայլեր են, անուշադրության մատնել խորհրդանիշներով տարածվող քայլերը անմտություն է։ Ցանկացած ազդակ գեներացնում է հակադարձ ռեակցիա»,- ասել է Ֆարմանյանն ու հավելել. «Գիտակցենք, թե ոչ, մեր ժողովուրդը թեւակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանելու է պարզունակ աղետի»։





























