Հայաստանում չկա սուպերվարչապետական համակարգ, քանի որ պառլամենտն ունի լուրջ վերահսկողական մեխանիզմներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ եթե պառլամենտական ուժերը լինեն իրենց տեղում, որեւէ վարչապետ չի կարող վերածվել սուպերվարչապետի։
Շարմազանովը այդ համատեքստում նշեց, որ ՀՀԿ դռները բաց են ցանկացած հարցի քննարկման համար, բացառությամբ 5 հարցի. «Առաջինը այն հարցերն են, որոնք կվտանգեն բանակաշինությունը, երկրորդը՝ որոնք կվտանգեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը, երրորդը՝ որոնք կվտանգեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, չորրորդը՝ որոնք կվտանգեն մեր ազգային արժեքային համակարգը եւ Հայոց եկեղեցին, հինգերորդը՝ որոնք կվտանգեն ՀՀ անդամակցությունը ԵՏՄ–ին եւ ՀԱՊԿ–ին»։
Անդրադառնալով Արցախի հարցով Փաշինյանի հայտարարություններին՝ նա նշեց. «Արցախի հարցով ես առաջինն եմ արձագանքել Փաշինյանին եւ նշել եմ, որ Հայաստանը ոչ թե հակամարտության կողմ է, այլ բանակցությունների կողմ է եւ Արցախի անվտանգության միջազգային երաշխավոր։ Ես Նիկոլ Փաշինյանին լավ եմ ճանաչում, նրա հետ 6 տարի աշխատել եմ, իմ տպավորությամբ՝ Փաշինյանը այլեւս այդպիսի հայտարարություն չի անի։ Միգուցե սա քաղաքական անզգուշություն էր, միգուցե էմոցիոնալ գնահատական էր, միգուցե այլ բան էր ուզում ասել, բայց այլ բան ստացվեց, բայց դա մեր բանակցային շահերից բխող հայտարարություն չէր»։
Եզրափակելով իր խոսքը՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն իր երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում իր մեջքին կանգնած է, որովհետեւ նա իր պետության վարչապետն է։





























