Հունվարի 20-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 58 տանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.36-ին, մարվել` 15.23-ին:
Ամբողջությամբ այրվել է Սաթիկ Անտոնյանին պատկանող տունը` 60 քմ. մակերեսով: Հրդեհի հետեւանքով 83-ամյա Անտոնյանը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ եւ տեղափոխվել Երեւանի Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր:





























