Խորհրդանշական է, որ առաջին արտգործնախարարը, ով Հայաստան է այցելել երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն է: Այս մասին մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ խորհրդանշական է նաեւ, որ այցը տեղի է ունենում Առաջին Հանրապետության 100-ամյակի օրը: Նախարարի այցի ծրագիրը բավականին հագեցած է: Նա արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետեւ նախարարները միասին այցելել են Մուսալեռ: Այսօր Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես նշեց նախարարը, երկրների միջեւ հարաբերությունները հարուստ են, հիմնված դարավոր բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա: Հայաստանը անկախությունից ի վեր աջակցել է Ֆրանսիային, ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Ճեպազրույցին նախորդած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրակարգը, անդրադարձել իրավական դաշտի ընդլայնմանը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի՝ աշնանը Երեւան նախատեսված այցին:
Կողմերի կարծիքով՝ տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքականին: Կողմերը քննարկել են ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման հարցերը, նշվել է, որ Հայաստանը կարեւորում է Փարիզում հայ մշակույթի կենտրոնի եւ Երեւանում ֆրանսիական մշակույթի կենտրոնի բացումը: Հայաստանն ու Ֆրանսիան հպարտանում են Երեւանի ֆրանսիական համալսարանով:
Նախարարը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է համանախագահ երկրների ջանքերը եւ վերահաստատում է Հայաստանի կողմնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Թեմա




























