Հայաստանի առաջին հանրապետության 100 հոբելյանին նվիրված միջազգային ֆլեշմոբի շրջանակներում այսօր՝ մայիսի 28-ին, Պրահայի հայ երիտասարդները հաղթական Քոչարի պարեցին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական «Ստարոմեստկե նամեմստի» հրապարակում, հաղորդում է «Օրեր»-ը: 

Նույնիսկ մի պահ ընդհատված երաժշտությունը չխանգարեց, ու սովորաբար միշտ մարդաշատ Հին հրապարակի անցորդներն ու զբոսաշրջիկները համբերատար սպասում էին մեզ համար հարազատ, այլոց համար վարակիչ երաժշտության ու պարի շարունակվելուն։

Որոշ ժամանակ երիտարսարդները պարել են միայն ծափերի ու սեփական խրոխտ բացականչությունների ուղեկցությամբ։ Պարն ավարտված էր, սակայն ներկաները չէին շտապում հեռանել, ուստի հրապարակում նորից ու նորից էին ծայր առնում զուռնայի ու թմբուկի զիլ ձայնն ու երիտասարդների պարը, սակայն այս անգամ արդեն շրջան էին մտնում նաեւ չեխերն ու քաղաքի հյուրերը։

Ֆլեշմոբը ստացվեց շնորհիվ Չեխիայի հայ երիտասարդական միության եւ պարուսույց, «Ուրարտու» հայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի ջանքերի շնորհիվ։ Վերջինիս ասելով,  Պրահայի բնակիչներին ու զբոսաշրջիկներին ավելի մեծ անակնկալ սպասվում է այսօր՝ մայիսի 28-ին, երեկոյան ժամը 19-ին կենտրոնական մեկ այլ՝ Վացլավսկե նամեստի հրապարակում երիտասարդները կպարեն Բերդ։

Այսօր երիտասարդներին հաջողվեց տոնական տրամադրություն ու մեծ լիցքեր փոխանցել ներկաներին՝ շուրջպարի մեջ ներառելով ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչների»: