Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը եւ ընդգծել երկու երկրների միջեւ փոխադարձ ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ կլինի աշնանը Երեւանում ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով մեր երկիր է ժամանելու պետական այցով եւ մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Վարչապետը հավելել է, որ այդ կարեւորագույն միջոցառման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իր ուշադրության կենտրոնում: «Վստահ եմ, որ մեր երկրների երկխոսությունը, այդ թվում՝ կառավարությունների, խորհրդարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, կպահպանվի նույն ինտենսիվությամբ: Ֆրանսիական բիզնեսի ներգրավվածությունը մեր երկրում ցանկալի մակարդակի չէ: Այսօր կան բոլոր նախադրյալներն ու պայմանները՝ առեւտրատնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն է հղել Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու, ինչպես նաեւ այդ հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Վարչապետը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ կառուցողական մթնոլորտում շարունակելու բանակցային գործընթացը:
Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաեւ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: «Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին, մեր երկիրը միշտ կլինի ձեր կողքին ու այդ մասին Էմանուել Մակրոնը անձամբ կհաստատի՝ Հայաստան այցի ընթացքում»,- ասել է Ֆրանսիայի Եվրոպայի արտաքին գործերի նախարարը: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեր երկրում կանցկացվի բարձր մակարդակով եւ կարեւորել դրա շրջանակում նախատեսված տնտեսական ֆորումի անցկացումը, հատկապես որեւէ կոնկրետ ոլորտի ուղղվածությամբ: Ժան-Իվ Լը Դրիանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումը նոր թափ կհաղորդի երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ Ֆրանսիան գիտակցում է այդ հարցում իր պատասխանատվության աստիճանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով եւ ավելացրել, որ որեւէ բռնություն կամ ուժի կիրառում չի կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման հնարավորություն:
Նիկոլ Փաշինյանը եւ Ժան-Իվ Լը Դրիանը կարեւորել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում վավերացումը, ինչպես նաեւ անհրաժեշտ համարել վիզաների ազատականացման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկը
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կրթության, մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցությունից եւ անդրադարձել Հայաստանում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման հնարավորությանը վերաբերող հարցերի:





























