Եթե չլիներ Ֆրանսիան, Լիբանանում այսօր, ամենայն հավանականությամբ, պատերազմ կլիներ: Այս մասին BFM TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով արտաքին քաղաքականության ձեռքբերումների մասին հարցին:
Անցյալ տարվա նոյեմբերին Լիբանանը քաղաքական ճգնաժամի մեջ էր հայտնվել այն բանից հետո, երբ Էր Ռիադում գտնվող երկրի վարչապետ Սաադ Հարիրին անսպասելիորեն հրաժարական էր ներկայացրել: Լիբանանյան պաշտոնատար անձինք սաուդցիներին մեղադրում էին Հարիրիին պատանդ պահելու մեջ: Միջազգային միջամտությունից հետո, այդ թվում՝ Էմանուել Մակրոնի, Սաադ Հարիրին կարողացավ հեռանալ թագավորությունից եւ չլքեց պաշտոնը:
«Եթե Ֆրանսիային չլսեին, Լիբանանում, հավանաբար, պատերազմ կլիներ: Սա է ֆրանսիական դիվանագիտությունը, սրանք են մեր գործողությունները»,- ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ իր չծրագրված այցը Էր Ռիադ, այնուհետեւ Հարիրիին ուղղված Ֆրանսիա այցի հրավերը ճգնաժամի լուծման կատալիզատոր դարձան:





























