ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնումից՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստման բանակցությունների շարունակումը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պարբերականի զրուցակիցներից մեկի պարզաբանմամբ՝ Միացյալ Նահանգների ղեկավարությունը նախատեսել էր երեքշաբթի՝ մայիսի 29-ին, հայտարարել նոր սահմանափակող միջոցառումների սահմանման մասին, սակայն դրանից մեկ օր առաջ իշխանությունները որոշել են այդ միջոցառումները անորոշ ժամանակով հետաձգել: Նրա խոսքով՝ կողմերը որոշակի առաջընթացի են հասել Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհին:

ԱՄՆ ֆիննախը ծրագրել էր պատժամիջոցային ցուցակի մեջ ներառել մոտ 30 անձանց, որի մեջ մտնում էին նաեւ կազմակերպություններ Ռուսաստանից եւ Հյուսիսային Կորեայից, հայտնել էր «Ինտերֆաքսը»:

Միաժամանակ, Հյուսիսային Կորեայի կենտրոնական «Նոդոն սինմուն» պարբերականը հրապարակել էր երկրի իշխանությունների կոչը՝ ամռանը նախատեսված ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի Ulchi – Freedom Guardian զորավարժությունները չեղյալ համարելու մասին, քանի որ դրանք հակասում են պատմության մեջ առաջին ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովի նախապատրաստման ոգուն:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ պատժամիջոցների պատճառով արտաքին առեւտրից ստացվող Հյուսիսային Կորեայի եկամուտները 2 անգամ կրճատվել են: Մայիսի 28-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովին մասնակցելու «վճռական մտադրություն» ունի եւ Թրամփին կհանդիպի: