Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում եւ համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Տոյվո Կլաարն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ մինչ համաձայնագրի վերջնական վավերացման գործընթացի ավարտը երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաեւ համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում եւ կարեւորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձեւավորմանն ու բանակցային գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը եւ Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:






























