ԵՄ–ն պատրաստ է օգնել, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար Հայաստանի իշխանությունները օգնության նպատակով դիմեն ԵՄ–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին «Ազատություն ռադիոկայան»–ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Միջազգային հանրությունը՝ ԵՄ–ն ու ՄԱԿ–ը պատրաստ են օգնել։ Եթե հիշում եք, նախկին ընտրության ժամանակ ֆինանսական օգնության 95 տոկոսը ԵՄ–ից էր ստացվել։ Սակայն միշտ չէ, որ խնդիրը ֆինանսական է, կարող են լինել նաեւ վերապատրաստված մասնագետների խնդիր, ԵՄ–ն ամեն դեպքում պատրաստ է օգնել»,–նշել է նա։
Մեկնաբանելով ՀՀԿ–ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությունը, որ ԵՄ ներդրումը անհրաժեշտ ծավալի չի եղել՝ Սվիտալսկին ասել է, որ Հայաստանի աճի ամենակարեւոր ուղղությունը պետք է լինի ներքին ռեսուրսների օգտագործումը. «ՀՀ–ում փոփոխության հիմնական առանցքը պետք է լինի հայ ժողովուրդը, նրա ներուժը, նրանց գումարը, եւ սովորաբար արտաքին օգնությունը միայն մեկ կաթիլ է լինում տնտեսական զարգացման գործում։ Մենք օգնում ենք թիրախային ուղղություններով, բայց իրական աճը պետք է երկրի ներդում տեղի ունենա»։
Սվիտալսկին համոզված է՝ Հայաստանը չի եղել եւ երբեք չի լինի «որբ» պետություն, որըք միշտ աջակցության կարիք ունի, միշտ կախվածություն ունի արտաքին օգնությունից։
ԵՄ դեսպանը շեշտում է, որ Հայաստանի առավելությունն այն է, որ նա չի վախենում արտաքին աշխարհին նայել եւ շահավետ համագործակցություն քաղել դրանից։





























