ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ԿԳ նախարարը կարեւորել է կրթության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը եւ ընդգծել, որ շահագրգռված է համագործակցության զարգացմամբ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություններից է:

Անդրադառնալով նախկինում տրված դրամաշնորհների խնդրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրանց մի մասն արդյունավետ չեն օգտագործվել:

«Մեր հիմնական նպատակն է, որ ներգրավվող ֆինանսական միջոցները հանգեցնեն ինստիտուցիոնալ փոփոխությունների»,- շեշտել է ԿԳ նախարարը:

Խոսելով կրթության համակարգի առաջնահերթությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է կրթական համակարգի ապաքաղաքականացման, հակակոռուպցիոն քաղաքականության անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով նախանշվող բարեփոխումներին՝ Արայիկ Հարությունյանն առաձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի արմատական փոփոխությունը, կրթության ապաքաղաքականացումը` մասնավորապես, դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորումը եւ բարձրագույն կրթության մասին օրինագծի վերամշակումը, որն առաջին հերթին պետք է ամրագրի բուհերի ակադեմիական ազատություններն ու ինքնավարությունը:

Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ երկրի առաջընթացի համար կրթության ոլորտի զարգացումը կարեւորագույն նշանակություն ունի: Դեսպանն անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ամրապնդել եւ ընդլայնել աջակցությունը մեր երկրում անգլերենի դասավանդման եւ ուսուցիչների վերապատրաստման գործընթացներին: Կողմերն անդրադարձել են նաեւ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: