Հունիսի 11-ից ԱՄՆ-ն Չինաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման նոր կանոններ կսահմանի, որոնց համաձայն՝ իրեն իրավունք կվերապահի սահմանափակել վիզայի գործողության ժամկետը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ «Ասոշիեյթեդ Պրեսը», վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ խոսքը մեկ տարով վիզայի ժամկետի սահմանափակման մասին է, որ տրվում է ռոբոտատեխնիկայի, ավիաշինության եւ բարձրտեխնոլոգիական ոլորտների ուսանողներին:
«Հունիսի 11-ից սկսած մենք միջոցառումներ կներդնենք՝ ուղղված անվտանգության ուժեղացմանը վիզա ստանալու չինացի մի շարք հայցվորների նկատմամբ: Չնայած Չինաստանի քաղաքացիներին տրված վիզաների գերակշիռ մեծամասնությունը տրամադրվել է գործողության առավելագույն ժամկետով, հյուպատոսական ծառայության աշխատակիցները կարող են կոնկրետ դեպքերում վիզայի ժամկետը սահմանափակել՝ յուրաքանչյուր իրավիճակի համար հանգամանքներին համապատասխան»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ սա արվում է ազգային անվտանգության ռազմավարության իրականացման շրջանակում եւ ուղղված է մրցակիցներին մտավոր սեփականության փոխանցումը կանխելուն: Նա նշել է, որ վիզաների տրամադրման ընթացակարգը չի փոխվել:
ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է մտավոր սեփականության գողության մեջ: Սա երկու երկրների միջեւ առեւտրի հավասարակշռության խախտման վերաբերյալ բանակցությունների թեմաներից մեկն է:
Վաշինգթոնում մայիսի կեսին խպորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ եւ Չինաստանի պատվիրակությունների միջեւ: Կողմերն արձանագրել են, որ առաջնահերթ նշանակություն են տալիս մտավոր սեփականության պաշտպանությանը եւ պայմանավորվել են այս ոլորտում համագործակցությունը խորացնել: Չինաստանը պարտավորվել է առաջ մղել այս ոլորտում իր օրենքներում եւ կանոններում համապատասխան ուղղումները՝ ներառյալ արտոնագրային օրենքում:





























