Հնդկաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հնդկաստանի եւ Պակիստանի զինծառայողները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել վիճահարույց Քաշմիրի տարածքում շարունակական հրադադարի հաստատման շուրջ: Այս մասին նշվում է երկու երկրների մարտական գործողությունների կառավարման ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքում Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հրամանատարության երկու ներկայացուցիչները պայմանավորվել են լիարժեք կերպով պահպանել հրադադարի ռեժիմը՝ 2003 թվականին ընդունված համաձայնագրի եւ ոգուն եւ տառին համաձայն, ինչպես նաեւ ջանքեր գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը չխախտվի երկու կողմերից էլ», - հայտարարել են Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունում:
Հնդկաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել, որ վիճահարույց հարցերի առաջացման դեպքում կողմերը զսպվածություն կդրսեւորեն, իսկ խնդիրը «կլուծվի առկա մեխանիզմների կիրառման միջոցով», ինչպիսիք են արտակարգ իրավիճակների դեպքում գործող կապերը եւ երկու կողմերի հրամանատարների հանդիպումները:
Հնդկաստանը եւ Պակիստանը վիճարկում են Քաշմիրի պատկանելիությունը, որտեղ պետական սահման չկա, այն փոխարինում է իրավական ուժ չունեցող հսկողության գիծը: Այս տարածաշրջանում իրավիճակը համեմատաբար կայունացել է 2003 թվականին ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Այնուամենայնիվ, վերջին ամիսներին Քաշմիրում զինված միջադեպերի թիվը զգալիորեն աճել է. հնդկական եւ պակիստանյան զինվորականները պարբերաբար ռմբակոծում են միմյանց դիրքերը, ինչից հետո յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին հրադադարի ռեժիմի խախտման համար:
Հնդկաստանը եւ Պակիստանը համաձայության են եկել Քաշմիրում զինադադարի պահպանման շուրջ

Թեմա
Տեղադրություն




























